Category: Հրապարակումներ
Published on 22 March 2013
Print

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձից հետո նրա առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվում, կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը: Ըստ ամենայնի՝ նա իր բուժումը կշարունակվի Գերմանիայում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձ պատվիրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել է երկու կասկածյալի' 1972թ. ծնված Սամվել Հարությունյանին և 1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել: Ցուցմունք է տվել նաև Վարդան Սեդրակյանը և պնդել, որ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Քանաքեռում, որտեղ բնակվում են երեք ձերբակալվածներն էլ, Սամվել Հարությունյանի մասին հիացմունքով են խոսում. «Կարգին տղա է, խելոք աշխատող»,- ասում են հարևանները՝ այդպես էլ չպատկերացնելով՝ ինչ կապ պետք է ունեցած լինի Սամվելը հայտնի պատմության հետ: Ս. Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, թեև տրամադրություն և ցանկություն չունի որևէ մեկի հետ խոսելու, սակայն մեզ հետ համաձայնեց զրուցել: Ռոզա Գալստյանի մյուս որդին էլ է ձերբակալված, սակայն նա չցանկացավ խոսել մյուս որդու մասին: Երբ իմացել է որդու ձերբակալության մասին, գրեթե կաթված է ստացել:
Մայրը պատմեց, որ 41-ամյա որդին երկար տարիներ շինարարությամբ է զբաղվել, թեև մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձեռքից շնորհքով է՝ թե տանիք է նորոգում, թե լուսամուտ, թե սալիկ ամրացնում: Նա պատմեց Վարդան Սեդրակայնի և իր որդու ծանոթության մասին: Վ. Սեդրակյանը բնակվում է իրենց հարևանությամբ: Քանաքեռցիները զարմացած են, թե ինչ արագությամբ Վարդան Սեդրակյանը սկսեց հարստանալ, ձեռք բերել մեքենաներ և տներ, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին, մի քանի տարի առաջ իրենց պես սովորական ապրող էր, սակայն շատ արագ «թփռոշացավ»:

2011-ին Վ. Սեդրակյանը Սամվելին դիմել է նախ Քանաքեռի տունը վերանորոգելու նպատակով, Սամվելն ու ընկերը նախ տանիքն են վերանորոգել, հետո բակն ու պարիսպները: Արդեն 2012-ի գարնանը Սամվելը Վ. Սեդրակյանի մոտ անցել է մեկ այլ աշխատանքի՝ հիմա էլ Վ. Սեդրակյանի Եղվարդի ամառանոցն են վերանորոգել: Արդեն 2012-ի նոյեմբերին Վ. Սեդրակյանը կանչում է իր մոտ նախագահական ընտրություններից առաջ և առաջարկում նախագահական ընտրություններին իրար հետ աշխատեն. «Ուրիշները պետք է աշխատեն, դուք աշխատեք»,- ասել է Վարդան Սեդրակյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվելը աշխատել է Վ. Սեդրակյանի նախընտրական շտաբում, թռուցիկներ են տարել մարզեր և այլն: Տիկին Ռոզան ասաց, որ Վ. Սեդրակյանի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ երբեք չեն եղել, գնալ-գալ չի եղել.

Հետաքրքրվեցինք՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի օրը հիշո՞ւմ է տղան որ ժամին է տուն եկել. Սամվելը բնակվում է տան երրորդ հարկում՝ ընտանիքից առանձին: Կինը' վեց տարեկան դստեր հետ մոր տանն է ապրում, ընտանիքն անհաշտ է: «Այդ օրը կոնկրետ չեմ կարող ասել՝ որ ժամին է եկել, այդ օրը մինչև ժամը հինգը-վեցը տանն է եղել, հաց կերել, հետո երեկոյան չգիտեմ քանիսին եկավ, միայն ոտքի ձայները լսեցի, իմացա արդեն տուն է եկել, հանգիստ քնեցի, բայց կոնկրետ չեմ հիշում՝ որ ժամին եկավ, որ ժամին գնաց»,- ասաց մայրը՝ հավելելով, որ որդին այդ օրը եղել է սովորականի պես, անհանգստություն էլ մոտը չի նկատել: Մայրը որդու մոտ արդեն երեք անգամ տեսակցության է գնացել:

Կատարվածը տիկին Ռոզան հեքիաթ է համարում, ամեն օր պառկելիս մտածում է՝ գուցե երա՞զ է, թե՞ իրականություն, ուզում է գնալ Հայրիկյանի մոտ և խնդրել՝ տեսնի՝ արդյոք իր որդի՞ն է եղել:

Ի դեպ, մինչև կալանավորվելը Վ. Սեդրակյանը որևէ անգամ չի փորձել հետաքրքրվել, չի հանդիպել Սամվելի մորը: «Ես Աստծուն հավատում եմ, գիտեմ, որ իմ տղան մեղավոր չէ, երևի Աստված իրեն կփրկի»,- ասաց տիկին Ռոզան: Տասը օրը մեկ անգամ թողնում են որդին զանգի մորը, այսօր էլ զանգել է և ասել, որ մայրը չգնա, ուտելիք չտանի, որ լիքը ուտելիք կա: Հիմա մայրը պատրաստվում է մարտի 28-ին որդուն տեսակցության գնալ:

Մայրը պատմեց, որ Սամվելը աշխատել է մի շարք պետական հիմնարկություններում, աշխատել է նաև «ՎիվաՍելում» գրասենյակներ են վերանորոգել: Հիմա Սամվելի բոլոր ընկերները զարմացած են, չեն հավատում կատարվածին:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզան Վարդանյանը, չցանկացավ հանդիպել մեզ հետ, սակայն նշեց, որ կատարվածը բոլոր նորմալ մարդկանց համար աբսուրդ է և անհասկանալի, որևէ տրամաբանական բան չկա դրանում: Նա ասաց, որ խոսում է ամուսնու հետ, որ նրա առողջական վիճակը նորմալ է, նորմալ է ամեն ինչ:

Խաչատուր Պողոսյանի ընտանիքի անդամները տանը չէին, բայց դրսում կանգնած էր «Մերսեդես» մակնիշի մեքենան, որը, քանաքեռցիների պատմելով, բոլորովին վերջերս էր Խաչիկը ձեռք բերել, դրանից առաջ մեկ «Նիվա» ուներ, բայց գործերը, ըստ ամենայնի, լավացան:

Թե ինչ հանգուցալուծում կստանա կատարվածը, դժվար է ասել, բայց տիկին Ռոզան աղոթում է առ Աստված, որ գործի արդարադատությունը, և կատարվածի համար պատժվեն իրական մեղավորները»,- գրում է «Ժամանակը»:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>